Քննչական կոմիտեում Գյումրիում հունվարի 12-ին ընտանիքի սպանության գործի քննությունը շարունակվում է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ասաց, որ Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում շարունակվում են կատարվել անհրաժեշտ քննչական գործողությունները, նշանակվում են փորձաքննություններ, կատարվում են հարցաքննություններ, ձեռնարկվում են բոլոր այն անհրաժեշտ քայլեր կատարված հանցագործության բոլոր հանգամանքների հետազոտման համար՝ մեր լիազորությունների շրջանակներում։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի վարույթում քննվող քրեական գործով Հայաստանում քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ հարցադրումներին, ապա, խնդրում եմ, դիմել ՀՀ գլխավոր դատախազություն։ Ինքս տեղյակ չեմ՝ արդյոք դատախազությունն ստացել է կոնկրետ քրեական գործի շրջանակներում Հայաստանում քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ իրավական օգնություն ցուցաբերելու մասին միջնորդություն, թե ոչ»,-ասաց Սոնա Տռուզյանը։

Անդրադառնալով սպանության հատկանիշներով հարուցված գործը ռուսական կողմին փոխանցելու խնդրին՝ նա նշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 475-րդ հոդվածի համաձայն՝ միջազգային պայմանագրերով քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու հարցով հաղորդակցությունը մինչդատական վարույթում իրականացվում է Հայաստանի գլխավոր դատախազության միջոցով:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա, փրկվել է միայն 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ՝ ռուս սահմանապահները: Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա գտնվում է Ռուսաստանի իրավազորության ներքո եւ Հայաստանին հանձնելու հարց չի քննարկվել: