Գյումրիում ընտանիքի 6 անդամներին դաժանաբար սպանած անձի համար ՀՀ Քրեական օրենսդրության համաձայն նախատեսված առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է, իսկ նվազագույնը՝ 15 տարի: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը:
«Եթե անձն ինքնակամ լքել է զորամասի տարածքը, ապա դա կարգավորվում է ՌԴ Սահմանադրությամբ, եւ այստեղ հարցերից հարցն այն է, որ արդյո՞ք ՀՀ իրավասու մարմինները տեղյակ չէին այդ խնդրի մասին, ինչո՞ւ է թողնվել կամ ի՞նչ պայմանավորվածության արդյունքում է ստացվել այնպես, որ այդ երիտասարդը հայտնվել է ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի պաշտպանության ներքո»,- ասաց Նորայր Նորիկյանը:
Փաստաբանի խոսքով, ՀՀ տարածքում կատարված ցանկացած հանցագործություն պետք է քննվի տվյալ երկրի իրավասու մարմինների կողմից:
«Պետք է հարգել անմեղության կանխավարկածը, եւ հնարավոր է այս նախաքննության ընթացքում բոլորովին այլ բաներ բացահայտվեն, որ մենք ընկնենք շոկի մեջ: Այս հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում եւ օրենսդրական ոչ մի բացառությունների տակ չի ընկնում՝ նա չի կատարել զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործություն, այլ մտել է խաղաղ տուն, ընտանիքին գնդակահարել եւ դուրս եկել: Ոչ մի ՌԴ Սահմանադրություն գոյություն չունի, ոչ մի 61-րդ հոդվածի հղում տալու խնդիր չկա»,- ասաց Նորայր Նորիկյանը:
Փաստաբանի կարծիքով, Հայաստանի իրավական մարմիններին Վալերի Պերմյակովի ՌԴ կողմից չհանձնելու փաստը կարող է վատ նախադեպ լինել:
«Ցանկացած անձ, որը խախտել է տվյալ երկրի պետական սահմանը պետք է հանձնվի այդ պետության իրավական մարմիններին: Ինչո՞ւ է այդ տղան տարվել ռազմաբազա, այդ հարցի պատասխանը պետք է տան ՀՀ իրավասու մարմինները: Եւ սա հետագայում վատ նախադեպ կարող է լինել հայ-ռուսական ռազմաբազայում ծառայող անձնակազմի կողմից իրականացվող իրավախախտումների վերաբերյալ»,- ասաց Նորայր Նորիկյանը:




























