Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովի խափանման միջոցի հարցը կորոշի Ռոստովի դատարանը, որը Հայաստանում նստավայր ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ կախված Պերմյակովին առաջադրվելիք մեղսագրվող հոդվածի ծանրությունից՝ կընտրվի խափանման միջոց, օրինակ՝ դասալքության դեպքում միշտ չէ, որ կալանք է ընտրվում, անձը հանձնվում է հրամանատարության հսկողության տակ: Ըստ որում՝ Պերմյակովի տեղափոխման հարցը եւս հստակ չէ, ենթադրվում է, որ նրան կտեղափոխեն ՌԴ եւ այնտեղ էլ կկազմակերպեն դատավարությունը, բայց թե որ փուլում, հայտնի չէ: Ինչ վերաբերում է Հայաստանի Քննչական կոմիտեում սպանության հատկանիշներով հարուցված գործին, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ որեւէ այլ տարբերակ չկա, կամ պետք է հանձնեն այդ գործը Ռուսաստանին կամ կասեցնեն:

Նիկոլայ Բաղդասարյանը անդրադարձավ նաեւ Պերմյակովին Հայաստանին չփոխանցելու մասով պատկան մարմինների կողմից բերվող պատճառաբանություններին: Նա նշեց, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կնքված ռազմաբազայի մասին միջազգային պայմանագրով՝ եթե ՌԴ ծառայողը ՀՀ տարածքում կատարել է հանցագործություն, ենթակա է պատասխանատվության, ինչպես բոլորը ՀՀ օրենսդրության համաձայն, բացառություն է նախատեսված եթե նա հանցանք է կատարել զորամասի տարածքում, այսինքն՝ այդ տարածքը համարվում է ՌԴ տարածք: «Մյուս բացառությունը այն է, որ եթե զինծառայողը կատարել է զինվորական հանցագործություն, այսինքն իրենց կանոնակարգերի խախտում, որը առաջացրել է իրենց քրեական օրենսգրքով պատասխանատվություն: Ընթացակարգը հետեւյալն է, եթե իրենց զինծառայողին ձերբակալում են ՀՀ տարածքում,ապա ՌԴ համապատասխան մարմինները դիմում են մեր իրավասու մարմիններին նրա հանձնումը կազմակերպելու համար: Մերոնք կարող էին ավարտել քննությունը, որից հետո հանձնել իրեն ՌԴ: Միանշանակ է, որ ՀՀ տարածքում ձերբակալված անձը պետք է հանձնվի ՀՀ իրավապահ մարմիններին, եւ նրանք պետք է որոշեն՝ հանձնել ՌԴ-ին , թե ոչ»,-ասաց փաստաբանը: Նա շեշտեց, որ ՌԴ իրավապահ մարմինները իրավասու չէին մեր պետության տարածքում մարդուն ձերբակալել եւ տեղափոխել իրենց տարածք, դա անօրինական է, պետք է անմիջապես հանձնեին մեզ: Նիկոլայ Բաղդասարյանը նաեւ հիշեցրեց, որ ՌԴ Սահմանադրությունը գործում է իրենց տարածքում, եթե Պերմյակովը հանցագործությունը արել է եւ ձերբակալվել է այստեղ, նրա նկատմամբ գործում է ՀՀ Սահմանադրությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Հայաստանի գլխավոր դատախազությունը երեկ տարածել է հաղորդագրություն, որ ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունները քննարկել են Գյումրիում նախօրեին տեղի ունեցած սպանության գործի մանրամասները: «Երկուստեք ընդգծվել է, որ տեղի ունեցած ողբերգության բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է, եւ գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: Հետեւաբար Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, նկատի ունենալով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը՝ համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության»,-ասված է հաղորդագրության մեջ: