Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մոտ տեղակայված բանաստեղծ Ավետիք Իսահակյանի արձանը պատահական է կոտրվել, երբ անցորդը ցանկացել է դրան հենված լուսանկարվել: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, NEWS.am-ին ասաց գրադարանի տնօերն Հասմիկ Կարապետյանը:

«Դեպքը տեղի է ունեցել արձակուրդի օրերին՝ հունվարի 8-ին, երբ գրադարանում եղել է միայն ցերեկային պահակը: Նա նկատել է, որ մի երիտասարդ տղա ցանկացել է նկարվել եւ հենվել է արձանին, մինչեւ դուրս է եկել, որ ասի՝ չի կարելի արձանին հենվել, այն կոտրված է եղել, իսկ երիտասարդը հեռացել է»,- ասաց Հասմիկ Կարապետյանը:

Հասմիկ Կարապետյանի խոսքով, այժմ արձանն ապամոնտաժվում է, որից հետո այն կտեղադրվի գրադարանի բակում՝ Իսահակյանի անվան պուրակում:

«Կոտրվել է արձանի ձախ ոտքը եւ ձախ ձեռքը, այն կավից է, իսկ մեջը՝ պենոպլաստ, այժմ այն ապամոնտաժվում է, որոշվել է պատվանդան տեղադրել, գարնանն այն հանդիսավորությամբ կտեղադրվի գրադարանի՝ բանաստեղծի անվան պուրակում»,- ասաց Հասմիկ Կարապետյանը: