ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վաղ առավոտյան անցկացրել է երրորդ կոնսիլիումը Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մանկական վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը գնահատելու նպատակով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Առողջապահության նախարարությունից:

Հայաստանի առաջատար մանկական ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների մասնակցությամբ քննարկվել են երեխայի բուժման հարցերը, կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա: Երեխայի առողջական վիճակը կայուն ծանր է, շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը: Փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել, բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Հայաստանի գլխավոր դատախազությունը երեկ տարածել է հաղորդագրություն, որ ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունները քննարկել են Գյումրիում նախօրեին տեղի ունեցած սպանության գործի մանրամասները: «Երկուստեք ընդգծվել է, որ տեղի ունեցած ողբերգության բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է, եւ գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: Հետեւաբար Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, նկատի ունենալով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը՝ համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության»,-ասված է հաղորդագրության մեջ: