Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ վեց քաղաքացիների սպանության, մանկահասակ երեխային մարմնական վնասվածքներ պատճառելու առթիվ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Գլխավոր դատախազությունից:

ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, շարունակում է հսկողություն իրականացնել նախաքննության օրինականության նկատմամբ: Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան, միջոցներ է ձեռնարկում հանցագործության համար  քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման ուղղությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Հայաստանի գլխավոր դատախազությունը երեկ տարածել է հաղորդագրություն, որ ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունները քննարկել են Գյումրիում նախօրեին տեղի ունեցած սպանության գործի մանրամասները: «Երկուստեք ընդգծվել է, որ տեղի ունեցած ողբերգության բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է, եւ գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: Հետեւաբար Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, նկատի ունենալով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը՝ համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության»,-ասված է հաղորդագրության մեջ: