Հայաստանի տարբեր քաղաքներում այսօր՝ հունվարի 14-ին սգո միջոցառումներ ու մոմավառություններ են տեղի ունեցել ի հիշատակ Գյումրիում ռուս զինվորի կողմից դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի:

Վանաձոր քաղաքում միանգամից երկու միջոցառում է կազմակերպվել: Նախ ժամը 17.00-ին ակցիա է կազմակերպվել lorinews.am-ի կողմից, որտեղ վանաձորցիներն այցելել են Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի եւ միասնական աղոթք բարձրացրել զոհերի հոգիների հանգստության եւ ողջ մնացած 6-ամսական փոքրիկի առղջության համար: Ակցիային մասնակցել են բազմաթիվ վանաձորցիներ, քաղաքապետարանի ողջ անձնակազմը՝ քաղաքապետ Սամվել Դարբինյանի գլխավորությամբ, մարզպետարանի ներկայացուցիչներ:

Բացի այդ, ժամը 18.00-ին, Վանաձորի Հայքի հրապարակում արդեն մոմավառություն է կազմակերպվել «Ես եմ Գյումրիում սպանված հայ ընտանիքը» կարգախոսով, որին մասնակցել են բազմաթիվ վանաձորցիներ, մտավորականներ: Վանաձորցիները ծաղիկներ ու մոմեր են դրել զոհերի լուսանկարների առջեւ, հենց հրապարակում էլ պատարագ է մատուցվել:

Մոմավառության ակցիա է կազմակերպվել նաեւ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, որտեղ հարյուրավոր կապանցիներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել Գյումրիում ռուս զինվորի կողմից դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հիշատակին:

Հիշեցնենք, որ Երեւանում հունվարի 13-14-ին մոմավառության ակցիա է տեղի ունեցել Ազատության հրապարակում: Բացի այդ, այսօր Երեւանում երթ է կայացել, որի մասնակիցները պահանջում էին գործը քննել Հայաստանում՝ ՀՀ իրավապահ մարմինների կողմից:

Գյումրիում եւս այսօր մոմավառության ակցիա է տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ այսօր Սուրբ Նշան եկեղեցում տեղի է ունեցել ոճրագուրծության զոհերի հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել են հազարավոր գյումրեցիներ: Հոգեհանգստի ողջ ընթացքում հոսքը եկեղեցի չէր դադարում: Դե եկեղեցու ներսում, թե դրսում ասեղ գցելու տեղ չկար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Որոշվել է, որ Պերմյակովի գործը կքննի ռուսական կողմը: