Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը ելնում է ռազմաքաղաքական համագործակցության տրամաբանությունից, եթե այն պետք է հանել, ապա այստեղ ի՞նչ կապ ունի Գյումրիի հանցագործությունը: Այդ մասին այսօր՝ հունվարի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը
Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունների ձեւաչափը չի փոխվի, քանի որ այն ձեւավորվում է ընդհանրապես այլ տեղում: «Դա անվտանգությունն է, էներգակիրները, դա քաղաքական փոխգործակցության ձեւ է», - ընդգծել է քաղաքագետը:
Անդրադառնալով Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների վատթարացման սցենարին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նկատել է: «Ի՞նչ ենք մենք անելու, երբ Ռուսաստանից սպառազինությունների մատակարարումները ավարտվեն: Մենք գիտենք՝ որքան գումար է Ադրբեջանը վճարում սպառազինության համար: Հայաստանը սպառազինության փոխհատուցվող քանակությունը գործնականում անվճար է ստանում: Երբ գազի գինը հասնի 500 դոլարի, այդ ու՞մ հարկերից են գնալու այդ գումարները»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը:




























