Գյումրիում ընտանիքի վեց անդամներին սպանելու համար մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ տարածքում պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի հայտարարության մեջ շատ հանելուկներ կան: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, «Ազատություն» ռադիոկայանին ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը մասնակցում էր Ավետիսյանների վերջին հրաժեշտի արարողությանը։
«Սա պետական մարմնի աշխատելու ոճ չի, հարց ենք տալիս պատասխան լսելու համար, բայց պատասխանից ավելի շատ հարցեր ենք լսում: Ես անձամբ չեմ լսել նրա ասուլիսը, բայց լրատվամիջոցներից հասկանում եմ, որ ինչ-որ հանելուկներ կան նրա հայտարարություններիր մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրենք պետք է պարտադրեն պաշտոնյաներին, որ հանելուկներով չխոսեն, այլ հստակ պատասխանեն հարցադրումներին:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, անհրաժեշտ է, որ Ազգային ժողովի 4 հանձնաժողովները նիստ գումարեն եւ պաշտոնյաներից պահանջեն հստակ պատասխաններ:
«Տվյալ իրավիճակում կարծում եմ, որ Ազգային ժողովի 4 հանձնաժողովների համատեղ նիստ գումարելը ճիշտ կլինի: Երեկվանից ես այս թեմաներով շփումների մեջ եմ Ազգային ժողովի գործընկերներիս հետ եւ բազմաթիվ պատգամավորներ կիսում են այս գաղափարը: Ես ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ եմ, խոսել եմ մեր հանձնաժողովի անդամների հետ, եւ մենք աշխատում ենք եւ ուզում, որ նմանատիպ նիստ գումարվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ արդեն նկատելի է, որ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչներն այդքան էլ հակված չեն այդպիսի քննարկման:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, որ հանցագործություն կատարողին կդատեն Հայաստանի տարածքում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Որոշվել է, որ Պերմյակովի գործը կքննի ռուսական կողմը:




























