Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության հետ կապված Հայաստանում սգո օրեր չհայտարարվեցին, քանի որ նախ Հայաստանում նման ավանդույթ չկա, բացի այդ սգո օրեր հայտարարում են ժողովրդին սթափեցնելու համար, ինչի կարիքը այս դեպքում չկար: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որը մասնակցում էր Գյումրիում Ավետիսյանների հուղարկավորությանը:
«Ինքը՝ ժողովուրդը, դա արեց, ոտքի է կանգնել ողջ հայ ժողովուրդը, ողջ սփյուռքը, Արցախը, ոտքի է կանգնել աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը»,- ասաց ԱԺ նախագահը:
Հարցին՝ արդյոք հավատում է ռուսական արդարադատությանը, Գալուստ Սահակյանը ասաց, որ հավատալու խնդիր չկա, քանի որ դեպքն արդեն բացահայտված է. «Կարծում եմ՝ պատիժը կլինի ցմահ, ուղղակի պրոցեսները պետք է այնպես տարվեն, որ մեր հասարակության համար ամոքիչ լինի»:
Լրագրողներին հարցին՝ տեսնում է արդյոք Հայաստանում ռուսական ռազմաբազայի կարգավիճակը վերանայելու անհրաժեշտություն, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Քաղաքականացնում եք, դեռեւս պետք է կարողանանք տրամաբաներեն ընկալել խնդիրը, դեռեւս խոսում ենք վշտի պահին: Ավելի հանգիստ պայմաններում պետք է մտածենք այդ մասին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Որոշվել է, որ Պերմյակովի գործը կքննի ռուսական կողմը:




























