Գեւորգ Կոստանյանը ռուսական Սահմանադրության լոբբիստ է: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյան՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի՝ Գյումրիի ողբերգական դեպքի գործով դատավարության հետ կապված պարզաբանումներին:
«Առավոտյան ես լսեցի ռուսական Սահմանադրության լոբբիստ Կոստանյանի մեկնաբանությունները Գյումրիում, սկսում է պատմել, որ հայ իրավապահները հսկողություն ունեն, բոլոր պրոցեսներին մասնակցում են, տեղյակ են պահում եւ այլն, սակայն դա հանրության եւ մեր պահանջի կատարումը չէ»,-ասել է նա՝ դրանք անվանելով «հեքիաթներ» ու «լյա-լյա»-ներ:
Բարսեղյանի խոսքով՝ հանրության պահանջը հստալ է. «Մեղադրյալը պետք է փոխանցվի մեր իրավապահ համակարգին, այնինչ մեղադրանք է ներկայացրել ռուսական կողմը: Մերոնք պետք է ներկայացնեն կալանքի որոշումը, մեր կալանատանը պետք է պահվի մեղադրյալը, դատաքննությունը մերոնք պետք է իրականացնեն՝ որպես դոմինանատ, գլխավոր որոշում կայացնող, ռուսներն էլ թող օգտակար լինեն՝ ինչպես կկարողանան: Պետք է դատվի ՀՀ-ի դատարանում եւ պատիժը պետք է կրի Հայաստանում»:
Լեւոն Բարսեղյանը հիշեցրել է, որ այսօր ժամը 17:00-ին հանրությունը հավաքվում է Գյումրիում Շիրակի մարզային դատախազության շենքի առաջ, եւ եթե իր պահանջների կատարման մասին հաստատում չլինի, կարող են անկանխատեսելի հետեւանքներ լինել: Նա նաեւ հավելել է, որ գյումրեցիները որոշել են այսօր բողոքի ակցիա անցկացնել ռուսական ռազմաբազայի դիմաց:




























