Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի  Գետափ գյուղի մի հատվածը այսօր՝ հունվարի 15-ին, 14:00-ից փակել են գետափցիները՝ թույլ չտալով մեքենաներին անցնել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մի քանի հարյուր մարդ պահանջում են ազատ արձակել դանակահարության մեջ մեղադրվող Արամ Սարդարյանին:

Արամի մայրը՝ Ռուզան Սարդարյանը,  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ իրենք եկել են Վայոց ձորի եւ Արարատի ընդհանուր իրավասության դատարանի Եղեգնաձորի նստավայրից, որտեղ հենց հիմա ընթանում է իր որդու դատավարությունը:

«Մենք միջնորդություն ներկայացրինք, որ տղայիս գրավի դիմաց ազատ արձակեն, բայց չհամաձայնեցին, մենք էլ եկել, հասել ենք այստեղ, չենք բացելու ճանապարհը՝ մինչեւ տղայիս ազատ չարձակեն: Իմ տղային անմեղ տեղն են դատում, ինքը դանակահարության հետ կապ չունի»,- ասաց Ռուզան Սարդարյանը:

Արամ Սարդարյանը մեղադրվում է 2014թ. փետրվարի 6-ին, Եղեգնաձորի թիվ 3 ավագ դպրոցի մոտ մեկ անձի դանակահարելու մեջ: Արամի մայրը պատմեց, որ որդուն, ըստ մեղադրանքի, ճանաչել է դպրոցի հավաքարարներից մեկը՝ դեպքից 6 ամիս հետո:

Այս պահին ճանապարհին հավաքվել են ոստիկանության աշխատակիցները, որոնք փորձում են համոզել գետափցիներին բացել ճանապարհը եւ մեքենաներին թույլ տալ անցնել: 

Նշենք, որ բավականին մեծ թվով մեքենաներ են կուտակվել ճանապարհի այս հատվածում: