ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ Արմեն Շ.-ն հաղորդում է ներկայացրել, ըստ որի 2014 թվականի դեկտեմբերի 12-ին իրեն է այցելել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հետաքննիչը եւ հայտնել, որ նույն քրեակատարողական հիմնարկի մեկ այլ դատապարտյալ իր կողմից խարդախություն կատարելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դրանից հետո հետաքննիչը սպառնացել է Արմեն Շ.-ին` ասելով, որ եթե շարունակի բողոքել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց դեմ, ապա վերը նշված բողոքի նյութերով քրեական գործ կհարուցվի:
Դեպքի առթիվ դատապարտյալ Արմեն Շ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:




























