ՀՀ Քաղաքաշինության նախարարությունն արդեն մի քանի տարի է՝ փորձում է դյուրացնել բնակելի տների կառուցապատման գործընթացը: Հրապարակված են բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն անցած նախագծերը, որոնցից ընտրություն կատարելու դեպքում կառուցապատողը խնայում է եւ՛ ֆինանսական միջոցներ, եւ՛ ժամանակ:

Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ առայսօր ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մշակվել եւ կիրառման են ընդունվել մի շարք բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կատալոգներ` հաստատված եւ փորձաքննություն անցած աշխատանքային նախագծերով, ինչպես նաեւ՝ շինարարության ընթացքը նկարագրող գործնական խորհրդատվական ձեռնարկներով:

Դրանք ներառում են բնակելի տների կառուցապատման համար նախատեսված 41 տեսակի նախագծեր, ինչպես նաեւ օժանդակ շինությունների նախագծեր, օրինակ, ամառային խոհանոց եւ այլն: Նախագծերը 1-2 հարկանի տների համար են նախատեսված:

Նման նախագծերի կատալոգների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ անհատ կառուցապատողին հնարավորություն է ընձեռվում ձեռք բերել անվճար, իր ճաշակին եւ ֆինանսական հնարավորություններին համապատասխան, փորձաքննություն անցած նախագիծ: Նախագծային առաջարկների միջոցով բնակավայրերում կառուցապատման միասնական ճարտարապետական լուծումներով միջավայր ձեւավորելու խնդիրն է լուծվում:

Այն մեծ աջակցություն է բնակչության համար, որովհետեւ խնայում է ինչպես ֆինանսական միջոցներ, այնպես էլ՝ ժամանակ:

Նման նախագծերի կառուցապատման թույլտվությունների տրամադրման ընթացակարգը շատ ավելի պարզ է: Շինարարության թույլտվությունը տրվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` եռօրյա ժամկետում: Իսկ գոտեւորման նախագծեր ունեցող համայնքներում ճարտարապետահատակագծային առաջադրանք չի պահանջվում: Աշխատանքը կատարվել է միաժամանակ երկու ուղղությամբ` օրինակելի նախագծերի պատվիրում եւ ընթացակարգի հեշտացում:

Եթե կառուցապատողը ոչ օրինակելի նախագծով է պատվիրում նախագիծ, ապա պետք է դիմի առաջադրանք ստանալու համար: Դրա հիման վրա լիցենզավորված կազմակերպությանը նախագիծ է պատվիրվում, որը բավական գումար արժե, իսկ կառուցվող օբյեկտի տեսակից ելնելով` պետք է նաեւ ներկայացնի փորձաքննության: Այնուհետեւ պետք է դիմի համայնքի ղեկավարին` նախագիծը համաձայնեցնելու եւ միաժամանակ շինարարության թույլտվություն ստանալու համար: Կատալոգի նախագծերից ընտրելու դեպքում նշված գործընթացը շատ ավելի պարզ է: Կատալոգի մեջ ընդգրկված նախագծերը փորձաքննություն անցած, լիազոր մարմնի կողմից հաստատված նախագծեր են:

Վերջին տարիներին իրականացվել են նոր տեսակի նախագծերի առաջարկներ, համապատասխանաբար փոփոխություններ են կատարվել օրինակելի նախագծերի կիրառումը կարգավորող իրավական ակտում, ընդլայնվել են հնարավորությունները: Եթե կառուցապատողները ցանկանում են մի կոնստրուկտիվ տարր փոփոխության ենթարկել, ապա դիմում են տեղական ինքնակառավարման մարմնին ու համաձայնեցնում:

Ի դեպ, ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցությամբ 2013 թվականից շրջանառության մեջ է դրվել բնակելի կառուցապատման էներգաարդյունավետ բնակելի տների օրինակելի նախագծերի կատալոգը, իսկ նախորդ տարի` փոքր եւ միջին ձեռնարկությունների օրինակելի նախագծերի կատալոգը: Վերջինս դիտարկվել է գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից: Հաշվի առնելով պահանջարկը, պատվիրվել է նաեւ ոչ բնակելի նշանակության օբյեկտների նախագծերի կատալոգ: Այն իր մեջ ներառում է պահեստներ, ջերմատներ, գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրամասեր, չորանոցներ, սառնարանային տնտեսության օբյեկտների նախագծեր: Նշված նախագծերի ընտրությամբ կառուցապատողը եւ՛ ժամանակ է խնայում, եւ´ ֆինանսական միջոցները: Ի դեպ, յուրաքանչյուր նախագիծ մոդուլային մոտեցմամբ է նախագծվել: Դա նշանակում է, որ մեկ հիմնական` (միավոր) մոդուլի տարաբնույթ համակցումների միջոցով կարելի ստանալ 150 քմ-ից մինչեւ 1500 քմ-ի համար նախատեսված նախագծեր: Նպատակն է` բարելավել գործարար միջավայրի ցուցանիշները, ավելի դյուրին դարձնելով օբյեկտների կառուցումը: