Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Հայաստանում դատելու եւ պատժելու պահանջով այսօր՝ հունվարի 15-ին, Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ հավաքված ակցիայի մասնակիցները 2 ժամ մնալուց հետո շարժվեցի դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: (ֆոտոռեպորտաժ)
Մինչեւ շարժվելը երթի մասնակիցնեորը դեսպանատան մոտ տեղադրված փոստարկղը գցեցին իրենց հետ բերված պաստառները:
«Պաստառներն ենք գցում, քանի որ նրանք արժանի չեն նամակ ստանալուն»,- NEWS.am-ին ասաց ակցիայի մասնակից Գայանե Աբասյանը:
Գլխավոր դատախազության մոտ ակտիվիսները որոշել են կապնվել Գյումրիում այսօր՝ ժամը 17:00-ին սկսվող բողոքի ակցիայի մասնակիցներին եւ դատախազության շենքի մոտ հնչեցնել նույն կոչերը ինչ որ կհնչեն Գյումրիում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին: Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին ռուս սահմանապահների կողմից եւ հանձնվեց ռուսական ռազմաբազայի հրամանատարությանը: Ռուսական եւ հայկական կողմի միջեւ ձեռք բերված համաձայնությամբ գործը կքննի ռուսական կողմը:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am



























