Գյումրիի դատախազության շենքի դիմաց հազարավոր քաղաքացիներ են հավաքվել, որոնք պահանջում են, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության գործը քննեն հայ իրավապահները:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հավաքվածներին առաջարկեց քննարկել հարցը ավելի հանգիստ պայմաններում, ներս հրավիրելով 30 ցուցարարի, սակայն առաջարկը չընդունվեց:
Հավաքվածները պահանջում են հստակ հարցադրման պատասխան. արդյոք գործը հանձնվել է հայկական կողմին, արդյոք հայ իրավապահներն են քննելու գործը:
Հավաքվածները մանրադրամներ նետեցին Շիրակի մարզի դատախազի ուղղությամբ:
Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների միության նախագահ Լեւոն Բարսեղյանը հայտարարեց, որ ոչ մեկը ներս չի գալու: «Եթե գլխավոր դատախազը չի իջնում եւ պատասխան չի տալիս, այստեղ ճգնաժամ է ձեւավորվում, այստեղ նահանջող չկա»,-ասաց նա, որից հետո ցուցարարները սկսեցին վանկարկել. «Դուրս արի, դուրս արի»:
«Մենք մի հարց ունենք. արդյոք մեր պահանջն ընդունելի՞ է իր համար: Գուցե տընդունելի է, բայց ձեւը չգիտի, եթե այդպես է, թող ասի, մենք ձեւը կսովորեցնենք: Իսկ եթե ընդունելի չէ մեզ հետ, այստեղ լրիվ ուրիշ բազար կբացվի ու նրան հետեւից դռնով կճանապարհենք»,-ասաց Լեւոն Բարսեղյանը՝ հավելելով. «մենք համբերատար կսպասենք, մինչեւ դուրս գա: Մենք նրան խոսելու հնարավորություն ենք տվել: Թող հույս չունենա, թե կկարողանա փախչել այստեղից: Մենք անժամկետ կանգնած ենք»:
Ժողովուրդն սկսեց վանկարկել «հիմա, հիմա»:
Ոստիկանները շղթա կազմած սկսեցին հրել ցուցարարներին: Ցուցարարների կողմից քարեր նետեցին ոստիկանների վրա, Լեւոն Բարսեղյանը կոչ արեց նման բան չանել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին: Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին ռուս սահմանապահների կողմից եւ հանձնվեց ռուսական ռազմաբազայի հրամանատարությանը: Ռուսական եւ հայկական կողմի միջեւ ձեռք բերված համաձայնությամբ գործը կքննի ռուսական կողմը:































