Գյումրիում Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ ցուցարարների առջեւ ելույթ է ունեցել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը: Նա մասնավորապես, ասել է. «Մեր ցավը հստակ է, մեր ժողովրդին հստակ ու դաժան հարված է հասցվել: բայց այստեղ բոլորս հայեր ենք: Մենք ուզում ենք, որ այդ ճիվաղը դատվի Հայաստանում եւ Հայաստանի օրենքներով: Որպեսզի նա դատվի Հայաստանում եւ ՀՀ օրենքներով եւ նստի Հայաստանում, մենք այստեղ հայերով իրար մեջ չէ, որ այդ խնդիրը պիտի լուծենք: Մեր պահանջը ՌԴ-ից է, ռուսական զորակայանից է եւ մենք պահանջելու ենք, որ նրանք ոճրագործին հանձնեն ՀՀ իրավապահ մարմիններին:

Մենք պիտի քաղաքակիրթ ձեւով, համառությամբ եւ բոլոր հավասարակշիռ եղանակներով, ոչ թե իրար վրա քար ու ձու նետելով: Այսօր թշնամին պառակտում է մեզ եւ մենք իրար վրա բաներ ենք շպրտում: Մեր պահանջը Ռուսաստանից է եւ ռուսական զորակայանից: Ոճրագործը պիտի հանձնվի հայ իրավապահներին»:

Ի պատասխան ցուցարարներից մեկը հայտարարեց. «Մեր դատախազությունը պարտավոր է մեր անկախությունը պաշտպանել: Դատախազը պետք է հրաժարական տա: Ժողովուրդը բորբոքվել է դատախազի քայլերից, նրանց թուլությունից: Դատախազը հաշվետու պիտի լինի, թե ինչու է խախտվել մեր անկախությունն ու ինքնուրույնությունը: Մեր դատախազությունը պետք է պահանջի ռուսական կողմից հարգել մեր անկախությունը: Մեր իշխանությունները անգործունակ են այսօր: Մեր արդատադատությունը դարձել է ռուսական կողմի խամաճիկը: Ոչ մի պաշտոնական պահանջ չի ներկայացվել ռուսական կողմին: Հանցագործը պետք է հանձնվի Հայաստանին»:

Այս խոսքերից հետո Միքայել Աջապահյանը ներս մտավ դատախազության շենք՝ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին հանդիպելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում ռուսական ռազմակայանում:: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, Պերմյակովը գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: