Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մտահոգությունը է հայտնել Գյումրիի դեպքերի առնչությամբ: NEWS.am-ը Մայր Աթոռի մամլո դիվանից տեղեկացավ, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հունվարի 16-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած Մայր Աթոռի Վանական խորհրդի և վանաբնակ եպիսկոպոսների խորհրդակցության ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց օրեր առաջ Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ոճրագործությանը, դրա հետևանքով ժողովրդի մեջ առաջացած հուզումներին և արձանագրված ցավալի միջադեպերին: Այս օրերին մնայուն կապ է եղել Մայր Աթոռի և Շիրակի թեմի առաջնորդարանի միջև, և Մայր Աթոռը մշտապես իրազեկ է եղել և հետևել դեպքերի զարգացմանը:

Կատարվածի առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում մասնավորաբար նշել է. «Այս օրերին մեր ողջ ժողովուրդը ցավի և վշտի մեջ է Գյումրիում տեղի ունեցած անմարդկային ոճիրի պատճառով: Ամենքիս ակնկալությունն է, որ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն ոճրագործության հետ առնչված բոլոր հանցավորները: Վստահ ենք, որ պետական պատկան մարմինների կողմից հանցագործության ամբողջական բացահայտման և մեղավորների դատապարտման ուղղությամբ կիրականացվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր քայլերը: Մեր մտահոգությունն ենք հայտնում հունվարի 15-ին ժողովրդային հուզումների ընթացքում արձանագրված ցավալի դեպքերի առնչությամբ, որի հետևանքով կան նաև վիրավորներ: Մեր հորդորն է մեր զավակներին մնալ հանդարտության մեջ և չտրվել հրահրումներին ու սադրանքներին…»:

Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը բերեց Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին և թեմի եկեղեցականներին այս օրերին բերած իրենց հովվական ծառայության համար: Ժողովի ավարտին աղոթք մատուցվեց Ավետիսյանների ընտանիքի սպանված անդամների հոգիների հանգստության և վիրավոր Սերյոժա Ավետիսյանի շուտափույթ ապաքինման համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: