Հայաստանում հակառուսական հիստերիան անտեղի է: Այս մասին հունվարի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Գյումրիի ողբերգական դեպքերին:

Ըստ նրա՝ չարժե հարցը տեղափոխել աշխարհաքաղաքական դաշտ՝ պահանջելով վերանայել Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները:

«Սա կնշանակի, որ նրանք, ովքեր նախատեսել են այս ողբերգական դեպքը, ծանոթ են մեր զգացմունքներին: Ես չգիտեմ՝ ով ինչ է արել, բայց այն, որ այս հանցագործությունը համապատասխանում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերին, հստակ է», - ասել է Լարիսա Ալավերդյանը: Նա բացառել է, որ Պերմյակովը հանցանքը միայնակ է գործել, քանի որ ոչ ոք նրան չի տեսել հանցանքի վայրում, եւ հանրությունից թաքցնում են ճշմարտությունը:  «Մեր իշխանությունները անթույլատրելի  դանդաղկոտություն ցուցաբերեցին, Գյումրիում ոստիկանության պահվածքն անթույլատրելի է»,- հավելել է Լարիսա Ալավերդյանը: