«Նոյեմբերի 5»-ի գործի Վերաքննիչ բողոքի քննությանն այսօր՝ հունվարի 16-ին, ամբաստանյալները եւ նրանց պաշտպանները պնդեցին իրենց բողոքը՝ դատարանից պահանջելով արդարացնել դատապարտվածներին: Մինչև դատական նիստի սկսվելը ամբաստանյալ Վարդան Վարդանյանի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Գյումրիում սպանված ընտանիքի հիշատակը։

Ամբաստանյալներից Ալեք Պողոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը Վերաքննիչ դատարանին հորդորեց ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ առաջին ատյանի դատարանն իր ամբաստանյալի նկատմամբ վճիռը կայացնելիս հիմնվել է այնպիսի ապացույցների վրա, որոնք վկայում են իր պաշտպանյալի անմեղության մասին:

«Իմ պրակտիկայում առաջին անգամ եմ տեսնում, որ մարդու մեղադրանքի հիմքում դրվեն նրան արդարացնող հանգամանքներ: Ալեք Պողոսյանը նշում է, որ ոստիկանին չի հարվածել, տուժողն ասել է, որ Ալեքը չի հարվածել իրեն, տեսանյութում չի երեւում, թե հարվածել է»,- ասաց պաշտպանը: 

Պաշտպանից հետո խոսքով հանդես եկող ամբաստանյալ Ալեք Պողոսյանին դատարանը պարբերաբար ընդհատում էր՝ հորդորելով ելույթը ձեւակերպել Վերաքննիչ բողոքի հիմնավորումների վրա:

Ալեք Պողոսյանը դատարանում պնդեց, որ իրենց նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում, երթի օրը քաղաքացիական հագուստով ոստիկանները ցուցարարների մեջ են մտել հատուկ ծառայությունների հրահանգով եւ նպատակ ունեին լռեցնելու Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին:

«Նրանք նպատակ ունեին հասնելու նրան, որ Շանթի կողմից սկսվող շարժումը խեղդեին տեղում, օրորոցում: Նվազագույն նպատակը եղել է Շանթի ոչնչացումը: Նրանց գործողությունները սարքվեցին, որ Շանթը եւ նրա ընկերները մեկուսացվեն»,- ասաց Ալեք Պողոսյանը, որի խոսքն ընդհատեց Շանթ Հարությունյանը՝ ասելով. «Ուզում ես էդ մարդուն ապացուցես, որ խուլիգան չե՞նք, գիտի»: 

Ամբաստանյալներից Արմեն Հովհաննիսյանն իր ելույթում ռուսերեն խոսեց Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասին, թեեւ դատավորները նրանից պահանջեցին խոսել միայն հայերեն՝ հորդորելով կարգուկանոն սահմանել դատարանում:

«Կարո՞ղ է՝ սա էլ է 102-րդ ռազմաբան»,-հակադարձեց Արմեն Հովհաննիսյանը, այնուհետեւ շարունակեց հայերեն. «Այնքան տարօրինակ հոտ եմ զգում, 37 թվականի հոտն է: Մեզ պիտակավորելու են մի պիտակով, որի վրա գրված է՝ «Враг народа»»:

Դատարանի դահլիճում նստածները ծափահարեցին Արմեն Հովհաննիսյանի ելույթից հետո՝ վանկարկելով «ազատություն քաղբանտարկյալներին»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալներին դատապարտեց 1-7 տարվա ազատազրկման, Միսակ Առաքելյանի նկատմամբ տուգանք նշանակեց:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Շանթ Հարությունյանին մեղավոր  ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, նրա անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Նրանց մեղադրում էին 2014թ. նոյեմբերի 5-ին Երեւանում անկարգություններ հրահրելու մեջ:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am