Գյումրիի ողբերգական դեպքերի հետ կապված ՀՀ գլխավոր դատախազի մեկնաբանությունները կիսով չափ էին ճշմարիտ, եւ այն դաշտը, որտեղ գործը պետք է հետաքննվեր, կարծես թե նրա իրավազորությունից դուրս է: Այս մասին հունվարի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Ըստ նրա՝ առաջին հերթին հանցագործության մեղքն ընկնում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի վրա: «Գլխավոր դատախազի ասածը ճշմարտություն է, սակայն նա ամբողջը չասաց: Այս թերի ճշմարտությունը կարող է ավելի բորբոքել կրքերը», - հավելել է Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, մեկնաբանելով Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը, հայտարարել էր, որ տեղի է ունեցել հանցագործություն, այդ թվում նաեւ՝ զինծառայողը ինքնակամ լքել է  ռազմաբազայի տարածքը, որը ռազմական հանցագործություն է, եւ որպես տվյալ հանցագործության հետեւանք՝ կատարվել է եւս մեկը, արդեն Հայաստանի տարածքում: Նա նշել էր, որ ըստ Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանագրի 4-րդ հոդվածի՝  Հայաստանի տարածքում ռազմաբազայի ծառայողների կողմից իրականացված հանցագործությունների քննությունն անցկացվում է Հայաստանի օրենսդրությամբ, իսկ նույն պայմանագրի 5-րդ հոդվածում ասվում է, որ  4-րդ հոդվածի դրույթները չեն գործում, երբ հանցագործությունը կատարվել է ռազմաբազայի տարածքում, կամ էլ եթե հանցագործությունը կատարվել է Ռուսաստանի կամ  զորամասի ծառայողների դեմ, կամ էլ եթե ռազմական հանցագործություն է կատարվել: