«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանն ու Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան ներկայացուցիչ Դեյվիդ Դոլն այսօր կայացած հանդիպմանը քննարկեցին հիմնադրամի ծրագրերի շրջանակում համագործակցության հնարավորությունները:

Ա. Գեւորգյանը նշեց, որ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ուղղված են տարածաշրջանների եւ ենթակառուցվածքների զարգացմանը, եւ այդ ուղղություններով արդյունավետ փոխգործակցություն կարող է ծավալվել բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող քաղաքային համայնքների կայուն զարգացման ու ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակում: Մասնավորապես լայն համագործակցության հեռանկարներ են առկա հիմնադրամի կողմից նախաձեռնված Դիլիջանի զարգացման ծրագրի համատեքստում:

Դիլիջանի կանոնակարգված զարգացման տեսակետից զրուցակիցները կարեւորեցին քաղաքի զարգացման ռազմավարական ծրագրի, ինչպես նաեւ գոտեվորման պլանի առկայությունը եւ քննարկեցին ծրագրի մշակման  հարցում համագործակցության հնարավորությունները: Դեյվիդ Դոլը տեղեկություններ ներկայացրեց  նաեւ բանկի տեխնիկական աջակցությամբ  հանրապետության չորս քաղաքների, այդ թվում՝ Դիլիջանի զարգացման ծրագրերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:

Քննարկվեցին նաեւ ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգման, հասարարակական ենթակառուցվածքների զարգացման, կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտներում տեղական իշխանությունների հետ  համատեղ ծրագրերի իրականացման,  ինչպես նաեւ այլ դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունները:

Կողմերն ընդգծեցին նաեւ, որ հետաքրքիր համագործակցություն կարող է ձեւավորվել նաեւ համայնքային զարգացման այլ ծրագրերի շրջանակում: 

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամն իրականացնում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված երկարաժամկետ ծրագրեր, որոնք կօգնեն գոյատեւումից անցում կատարել դեպի բարեկեցություն: Հիմնադրամի առանցքային ծրագրերից են UWC Դիլիջան քոլեջի, «Տաթեւի վերածնունդ», Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման, Դիլիջանի զարգացման ծրագրերը։