Գյումրիում  հունվարի 15-ին տեղի ունեցած բռնությունների հետեւանքով երեկ եւ այսօր Գյումրիի բժշկական կենտրոն է դիմել 28 հոգի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

Նա նշեց, որ դիմողներից 18-ը ոստիկաններ են եղել, 10-ը քաղաքացիներ: Հիվանդանոց դիմողներից հոսպիտալացվել է 4 հոգի՝ մեկ քաղաքացի, 3 ոստիկան: Ոստիկաններից մեկին տեղափոխել էին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն եւ վիրահատել, մեկին դուրս են գրել, այժմ Գյումրիի հիվանդանոցում գտնվում է մեկ ոստիկան, ում վիճակը բավարար է եւ առաջիկա 1-2 օրերին դուրս կգրվի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: