Գյումրիում հունվարի 12-ի վաղ առավոտյան դաժանաբար սպանված Ավետիսյանների հարազատները հունվարի 15-ին չեն եղել Շիրակի մարզային դատախազության մոտ եւ որեւէ կապ չունեն տեղի ունեցած բախումների հետ: Այս մասին այսօր Ավետիսյանների ինքնահողին գերեզմանոցում հայտարարեցին Ավետիսյանների հարազատները։

«Մեր հարազատներից ոչ մեկը երեկ միջադեպին չի մասնակցել եւ չի մասնակցել նաեւ կազմակերպչական աշխատանքներին: Մենք սգացել ենք մեր կորուստն ու ցավը»,- ասացին նրանք։

Նրանց խոսքով՝ իրենք պահանջում են միայն արդարություն, եւ որ Պերմյակովին պատժի ենթարկեն Հայաստանում եւ օրենքի ամբողջ խստությամբ. «Ցանկանում ենք, որ չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Ավետիսյանների հետ: Ոչ միայն մենք ենք սգում, այլ ողջ հայ ազգը: Թող դա լինի առաջին ու վերջին անգամ: Կրկին պնդում ենք` մենք պահանջում ենք արդար դատավճիռ»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: