«Շանթի եւ ընկերների» գործի վերաքննիչ բողոքի քննությանն այսօր՝ հունվարի 16-ին, միջադեպ տեղի ունեցավ գործը նախագահող դատավոր Արշակ Խաչատրյանի եւ ամբաստանյալներից Վարդան Վարդանյանի միջեւ: (ֆոտոռեպորտաժ)
Վարդան Վարդանյանի ելույթի ընթացքում դատավորն ու ամբաստանյալն սկսեցին գոռալ միմյանց վրա։
Ամբաստանյալը Գյումրու ողբերգությունից խոսելիս նկատելիորեն բարձրացրեց ձայնը, ինչը վրդովեցրեց դատավորին։
«Մեր պայքարը եղել ա համակարգի դեմ, ռուսական ստրկությունից ազատվելու դեմ, եղել ա նրան դեմ, որ Լենինականում տենց բան չլինի: Էսօր լենինականցիք դուրս են եկել, կռիվ են անում, հազիվ մի շրջան եղավ, որ երեսներս պարզ դարձավ, հիմա իրենց սաղին խուլիգա՞ն եք դարձնելու: Էդ մարդիկ իրենց արդարացի դիրքորոշումն են արտահայտում», - ասաց Վարդան Վարդանյանը, որի խոսքն ընդհատեց դատավորը՝ ասելով, որ դա գործի հետ կապ չունի։
Դատավորը պարբերաբար միջամտում էր ամբաստանյալին՝ հորդորելով հանգիստ խոսել, ապա ինքն էլ սկսեց գոռալով խոսել, եւ ի վերջո հունից դուրս եկավ. «Եթե բան չունես ասելու, վեշերդ վերցրու, գնա»։
Դատարանը դատական նիստը հետաձգեց դատարանի ծանրաբեռնվածության պատճառով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալներին դատապարտեց 1-7 տարվա ազատազրկման, Միսակ Առաքելյանի նկատամամբ տուգանք նշանակեց:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Շանթ Հարությունյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, նրա անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Նրանց մեղադրում էին 2014թ. նոյեմբերի 5-ին Երեւանում անկարգություններ հրահրելու մեջ:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























