Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր՝ հունվարի 16-ին, Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Լեվան Գիրշիաշվիլիի հետ ստորագրել է հայ-վրացական երկկողմ ռազմական համագործակցության 2015թ. պլանը:

Ինչպես տեղեկանում ենք պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, Վրաստան կատարած այցի ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ներկան եւ ապագա հեռանկարները, անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Զրուցակիցները նշել են, որ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության խորացումը առաջնահերթությունների թվին է դասվում եւ Հայաստանում, եւ Վրաստանում: Որպես համագործակցության առանցքային ուղղություն` կարեւորվել են ռազմական կրթությունն ու ուսումը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել վրացական կողմին` Սաչխերե լեռնային պատրաստության ուսումնական կենտրոնում հայոց զինուժի անձնակազմի մասնագիտական վերապատրաստման բարենպաստ հնարավորություններ ստեղծելու համար:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեի հետ, իսկ Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանք Կապանաձեի կողմից հյուրընկալվել է պաշտոնական ճաշի:

Հայկական պատվիրակությունն այցելել է նաեւ  Գորիում տեղակայված Վրաստանի ազգային պաշտպանական ակադեմիա: Ռազմակրթական այս օջախում Դավիթ Տոնոյանը հանդես է եկել «Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությունը եւ միջազգային կազմակերպությունների դերակատարումը» խորագիրը կրող զեկուցումով: