Գյումրիում հունվարի 12-ին ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին պահում են սովորական խցում, արտոնյալ պայմաններ ժամկետային զինծառայողը չունի: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը երեկ ուշ երեկոյան տնտեսագետ Կարեն Պետրոսյանի հետ գնացել էր 102-րդ ռազմաբազա եւ տեսել հանցագործին:
«Մեզ դիմավորել է ՀՀ քննչական կոմիտեի տեղակալը եւ ռուսական կողմից ինչ-որ մեկը, ուղեկցել են նախնական կալանքի խուց կամ մեկուսարան, մեկ հոգու համար նախատեսված խուց էր, բայց մենք ներս չենք մտել, անցքից ենք տեսել նրան: Երեւի թե չէր թույլատրվում խցից ներս մտնել, մենք էլ ցանկություն չունեցանք ներս մտնել, որովհետեւ այդ պահի դրությամբ մեզ կառավարելը դժվար էր, իսկ մենք գնացել էինք, որպեսզի Գյումրիում տիրող իրավիճակը հանդարտեցնեինք: Ոչ ոք չէր կարողանա երաշխավորել, թե խուց մտնելու դեպքում մեզ մոտ ինչ զգացումներ առաջ կգային ու հետեւանքներն ինչ կլինեին: Ամեն դեպքում էդ պահին շատ դժվար էր տեսնել ոճրագործին, աչքիդ գալիս էր անմեղ ընտանիքը, անմեղ երեխան: Վիժվածքը, էդ կենդանին, որ կարողացավ գլխատել մի ամբողջ ընտանիքի, ու ամբողջ քաղաքը, պետությունը փաստի առջեւ է կանգնել եւ լարված իրավիճակ է»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ իրենք ոճրագործին չեն տեսանկարահանել, քանի որ դրա համար հատուկ թույլտվություն էր պետք Մոսկվայից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:




























