Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարից տուժած Հայկ Հակոբյանի ընտանիքը մտադիր է հեռանալ Հայաստանից: Այս մասին իր ճառում գրել էր տուժող Հայկ Հակոբյանի կինը՝ Աննա Կարապետյանը, որը, սակայն, այսօր՝ հունվարի 16-ին, ներկա չէր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստին, եւ նրա ճառն ընթերցեց տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանը:
«Հասարակությունը կարծես թե սպասում էր նման ողբերգության, սենսացիայի, որ իր համար թեմա գտնի եւ սկսի ստի, բամբասանքի գործունեության ոլորտը: Սառնասրտորեն խոսում են, քննարկում, կանխատեսումներ անում: Մեր տան միակ շառավղի կորուստը աղետաբեր դարձավ մեր ընտանիքի համար ու գնում ենք մեր քաղաքից, մեր հայրենիքից եւ, երեւի, փախչում իրականությունից: Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ծանր բեռ ընկավ այն մարդու վրա, որն այս դժբախտության պատճառ դարձավ»,- ասաց Նաիրա Հայրապետյանը՝ ընթերցելով Աննա Կարապետյանի ճառը:
Աննա Կարապետյանն իր ճառում դատաքննությունը «խեղկատակություն» էր անվանել, պահանջել արդար դատավճիռ: Նա նշել էր, որ իրենք գիտակցում են, որ հանցագործությունը կանխամտածված չի եղել, բայց նաեւ չեն կարող համակերպվել այն մտքի հետ, որ այդ հանցագործությունը երկու երիտասարդի կյանք է խլել եւ դարձել երկու ընտանիքի ողբերգության պատճառ:
Նշենք, որ դատական նիստին ճառով հանդես եկավ նաեւ տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը, որ նշեց, որ պաշտպանական կողմի բերած փաստարկները Վարդան Պետրոսյանի անմեղությունը ապացուցելու փոխարեն ավելի խճճեցին գործը:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը հաջորդին ֆրանսիացի փաստաբանի ներկայությունն ապահովելու համար: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 23-ին:
Հիշեցնենք, որ դատական նիստին դատախազը հանդես էր եկել ճառով, Վարդան Պետրոսյանի համար 6 տարի 6 ամիս ազատազրկում պահանջել:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ:




























