Ազգային ժողովում առաջիկա շաբաթ խորհրդակցություն է անցկացվելու Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ քննարկման օրը դեռ հայտնի չէ:
«Քննարկումը կլինի ԱԺ արտաքին, պետաիրավական, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ձեւաչափով: Դեռ հայտնի չէ՝ քննարկումը բաց կլինի, թե փակ»,- ասաց Թեւան Պողոսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:




























