ՌԴ-ում մարդու իրավունքների հարցերով լիազոր Էլլա Պամֆիլովան իր հայ գործընկերոջը ցավակցություն է հայտնել՝ կապված Գյումրիի ընտանիքի 6 անդամների ողբերգական սպանության հետ եւ հայտնել, որ այդ ցինիկ հանցագործությունը պետք է հանգամանորեն հետաքննվի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ընդունեք խորին ցավակցություններս՝ կապված Ավետիսյանների ընտանիքի ողբերգական սպանության հետ: Համոզված եմ, որ այսչափ ցինիկ հանցագործությունը պետք է հանգամանորեն հետաքննվի, իսկ մեղավորները պետք է խստորեն պատժվեն», - մամուլի ծառայությունը մեջբերում է Պամֆիլովային:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:




























