Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության դեպքով Ազգային ժողովի երեք հանձնաժողովների համատեղ խորհրդակցությունը կկայանա երեքշաբթի օրը՝ հունվարի 20-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը:

Նա նշեց, որ խորհրդակցութունը կանցկացվի ԱԺ-ի 334-րդ սենյակում: Թեեւ խորհրդակցությունը հրավիրել են ԱԺ 3 հանձնաժողովները՝ պետաիրավական, արտաքին, ներքին եւ ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովները: Հովհաննես Սահակյանը նշեց, որ այդ հանձնաժողովի անդամ չհանդիսացող պատգամավորների մասնակցության համար որեւէ խոչընդոտ չի լինի, եթե նրանք ցանկանան մասնակցել, որեւէ խնդիր չկա: Առայժմ քննարկվում է՝ խորհրդակցությունը կանցկացվի բաց, թե փակ ֆորմատով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: Գյումրիում  հունվարի 15-ին տեղի ունեցած բռնությունների հետեւանքով Գյումրիի բժշկական կենտրոն է դիմել 28 հոգի: