Ոստիկանությունը խոչընդոտել է խաղաղ հավաքի ընթացքին, խախտել է խոսքի ազատության, խաղաղ հավաքների ազատության, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքները: Այս մասին հայտարարություն են տարածել հայաստանյան երեք կազմակերպություններ (Հայաստանի Հելսինկյան կոմիտե, Ժուռնալիստների «Ասպարեզ»  ակումբ եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ):

Հայտարարությունում ասվում է.

«2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում սպանվեցին մի ընտանիքի վեց անդամ: Ըստ իրավապահների՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հիշյալ սպանությունը կատարելու կասկածանքով ռուս սահմանապահները ձերբալել են Գյումրիի ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին:

2015թ. հունվարի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորապես նշված էր, որ հանցագործության կատարման մեջ կասկածվող Վ.Պերմյակովը Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) քաղաքացի է եւ գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության ներքո, հետեւաբար, նրան ՀՀ իրավապահներին հանձնելու հարցը չի քննարկվում:

Նշված հայտարարությունից հետո՝ 15.01.2014թ. Գյումրի քաղաքում սկսվեց բողոքի զանգվածային ակցիա՝ Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու պահանջով:

Ի աջակցություն Գյումրիում իրականացվող բողոքի ակցիայի, նմանատիպ բողոքի ակցիա անցկացվեց նաեւ Երեւանում՝ ՌԴ դեսպանատան մոտ: Ոստիկանությունը խաղաղ հավաքի մասնակիցներին ուժի գործադրմամբ հեռացրեց նշյալ վայրից եւ ձերբակալեց մի քանի անձանց:

 Բողոքի խաղաղ ցույցը շարունակվում էր ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ: Երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում խաղաղ հավաքի մասնակիցները հավաքվեցին Ազատության հրապարակում` մոմավառություն իրականացնելու եւ ուղիղ կապով Գյումրիի իրադարձություններին հետեւելու համար:

Ազատության հրապարակում ժամը 22:15-ի սահմաններում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք հարձակվեցին հավաքված քաղաքացիների վրա եւ, բռնություն գործադրելով ու մարդկանց թեւերը ոլորելով, տարան անհայտ ուղղությամբ (հատկապես այն քաղաքացիներին, որոնց ձեռքին եղել է Հայաստանի Հանրապետության դրոշը):

Իրավիճակի վերաբերյալ հավաքվածները դիմել են ոստիկանության ներկայացուցիչներին`հայտնելով, որ անհայտ անձինք առեւանգում են քաղաքացիներին եւ պահանջել են միջոցներ ձեռնարկել: Հավաքի մասնակիցներին ի պատասխան` ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսիյանը հայտնել է, որ այդ մարդիկ ոստիկաններ են  եւ իրենց ոստիկան լինելու վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չեն ներկայացրել, սակայն ոստիկանների կողմից հավաքի մասնակիցներին ձերբակալելու գործընթացը շարունակվել է: Խաղաղ հավաքի շուրջ 40 մասնակիցներ ուժի գործադրմամբ բերման են ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ՝ Կենտրոնականի, Նորք-Մարաշի եւ այլն: Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիների մոտ ըստ ոստիկանության ներկայացուցչի՝ զենք-զինամթերք լինելու  կասկածներ են եղել:

Ավելի ուշ ոստիկանությունը տարածեց հայտարարություն այն մասին, որ իրավախախտում կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման են ենթարկվել մի խումբ անձինք:

Հայտարարում ենք, որ ոստիկանությունը խոչընդոտել է խաղաղ հավաքի ընթացքին, խախտել է խոսքի ազատության, խաղաղ հավաքների ազատության, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքները: Պահանջում ենք միջադեպի համար պատասխանատու ոստիկաններին հեռացնել համակարգից եւ ենթարկել պատասխանատվության: