Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոսը) ցանկանում է, որ Գյումրիում հունվարի 12-ին ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանից որքան հնարավոր է հեռու տանեն։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների  հետ զրույցում ասաց Կոմանդոսը, պատասխանելով հարցին, թե ինչ պատիժ պետք է ստանա ռուս զինծառայողը։

«Ուզում եմ, որ ամեն ինչ լինի օրենքի սահմաններում, եւ ըստ Հայաստանի օրենքի պետք է որոշվի հետագա անելիքները։ Անձամբ ես ուզում եմ, որ նրան տանեն ինչքան հնարավոր է հեռու, նա մարդ չէ, նայում ես լուսանկարը ու հասկանում դա»,-ասաց նա։

Կոմանդոսի կարծիքով՝ այս դեպքից հետո սխալ քայլ կլինի ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելը. «Ինչ վերաբերվում է ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելուն, ապա կարծում եմ, որ դա սխալ քայլ կլինի Հայաստանի կողմից՝ դիմել Ռուսաստանին իրենց  ուժերը հեռացնելու համար»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան աղջկա։ Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: