Հայաստանի ոստիկանությունը նպատակ շարունակում է խորացնել վախի մթնոլորտը երկրում: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը (նախագահ Պետրոս Մակեյան)՝ անդրադառնալով Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դաժան սպանությունից հետո Գյումրիում եւ Երեւանում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանության գործողություններին:

Հայտարարությունում ասվում է.

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը ցավակցում է հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի հետ կատարված աննախադեպ ոճրագործության կապակցությամբ:

Ոճրագործության հաջորդող օրերին հրապարակային ի ցույց դրվեց գործող վարչախմբի անկարողությունը սահմանադրությամբ իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության իրականացումը սեփական երկրում:

Սա նաեւ լրացուցիչ ահազանգ էր մեր հասարակության համար, աշխարհաքաղաքական լարված իրավիճակում հնարավոր ոչ ցանկալի զարգացումների դեպքում, թե ինչպիսի ողորմելի վիճակում կհայտնվի մեր երրորդ հանրապետությունը:

Միաժամանակ ոճրագործության հաջորդող զարգացումները կրկին անգամ ի ցույց դրեցին մեր իրավապահ համակարգի` հատկապես ոստիկանության, աննախադեպ մղումը` հախուռն միջոցառումների միջոցով խոշտանգել ու պատվազրկել ՀՀ քաղաքացիներին` նպատակ ունենալով շարունակել խորացնել վախի մթնոլորտը:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը պահանջում է իշխանություններից բացահայտելու Գյումրիի ողբերգության շարժառիթը, մասնակիցների ամբողջ շրջանակը, որը իրականացվի հնարավորինս հրապարակային»:

 Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: Գյումրիում  հունվարի 15-ին տեղի ունեցած բռնությունների հետեւանքով Գյումրիի բժշկական կենտրոն է դիմել 28 հոգի: