Գյումրիում սպանությունների մեջ մեղադրվող անձին հայ իրավապահներին փոխանցելու համար ոչ մի խոչընդոտ չկա։ Այս մասին հունվարի 17-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ անգամ եթե Ռուսաստանում կա օրենք, որը թույլ չի տալիս այլ երկրի հանձնել հանցանք գործած զինծառայողին, այդ դեպքում աշխատում է եւ գերազանցություն ունի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ պայմանագիրը՝ ռուսական ռազմաբազայի վերաբերյալ։ Այդ պայմանագրի 4-րդ եւ 5-րդ հոդվածները, ըստ  Արմեն Մարտիրոսյանի, հստակ կանոնակարգում են այս դեպքը։

 «Ըստ այդ հոդվածների՝ միայն երեք բացառություն կա (5-րդ հոդվածում), որոնց պարագայում ռուսական իրավապահներն են քննում գործը։ Գյումրիի դեպքը նշված բացառություններից չէ։ Ուստի իրավական տեսանկյունից, կարծում եմ, գործը կարող է հետաքննվել հայկական կողմի իրավազորության տակ», - ընդգծել է Արմեն Մարտիրոսյանը եւ համաձայնել,որ տեղի է ունեցել քրեական հանցագործություն, սակայն հաջորդած դեպքերը բնականաբար քաղաքական էին։  Քաղաքական տեսանկյունից, ըստ նրա, Հայաստանի  իշխանությունների պահվածքը միանշանակ անթույլատրելի է։

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանված գտել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին։ Յոթերորդը՝ դանակի հարվածներ ստացած 6 ամսական տղան, բուժման համար տեղափոխվել էր Երեւան։ Հանցագործության համար մեղադրվողը ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն է, որին բռնել են հայ-թուրքական սահմանին։ Նրան կալանավորել եւ մեղադրանքներ են առաջադրել ՌԴ ՔՕ օրենսգրքի երկու հոդվածներով՝ սպանություն եւ դասալքություն։ Սպանության գործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում։

Հանրապետության ամբողջ տարածքում բողոքների ալիք է բարձրացել, Երեւանում, Գյումրիում եւ այլ քաղաքներում հիշատակի միջոցառումներ են անցկացվել։