Գյումրիում հունվարի 15-ին ռուսական հյուպատոսության շենքի մոտ ոստիկանները ավելի քան 40 րոպե քարկոծման մեջ էին, սակայն ոստիկանությունը բացարձակապես ոչ մի գործողություն չի կատարել։  Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

«Մենք հասկանում էինք, որ որոշակի կրքեր կային, կային կազմակերպիչներ, որոնց պետք է զատեինք, որ հենց նրանց ուղղեինք մեր գործողությունները։ Դեպքերը ցույց են տվել, որ նման պահերին սովորաբար տուժում են անմեղ, միամիտ մարդիկ, մենք խնդիր ունեինք ցույց տալու իրական պատկերը։ Հունվարի 15-ին մենք մաքսիմսլ հանդուրժողականություն ենք ցուցաբերել»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Ազատության հրապարակի դեպքերին , Վլադիմիր Գասպարյանը եւս մեկ անգամ նշեց, որ այդ օրը ոստիկանությունը ահազանգ է ստացել մի քաղաքացուց, որ հրապարակում հավաքված մարդկանցից մեկի մոտ զենք կա։

«Մենք ճիշտ գործողություն ենք կատարել, նման դեպքում ես հրահանգ եմ տվել, որ բոլորին բերման ենթարկեն։ Դրանով մենք կանխեցինք հանցագործություն, նույնիսկ եթե այդ զենքը օրինական է կամ գազային։ Երբ այդ զենքը հանում են, դու չգիտես՝ ինչ տեսակի զենք է, բա որ հանկարծ ոստիկանի գնդակահարեին, այնպես որ ես կարծում եմ, որ մենք այդ օրը կանխել ենք հանցագործություն»,-ասաց ոստիկանապետը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով):

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:

Նշենք, որ հունվարի 15-ի երեկոյան, Ազատության հրապարակից եւ հարակից տարածքից ոստիկանական բաժիններ է տարվել 38 հոգի, որոնք մի քանի ժամ անց ազատ էին արձակվել։