Գյումրիի գազանաբար սպանության դեպքում մենք գործ ունենք քրեական հանցագործության հետ, այստեղ պետք չէ քաղաքականություն տեսնել: Այդ մասին այսօր՝ հունվարի 17-ին հայտարարել է, գրող, հրապարակախոս Սեդա Վերմիշեւան:

«Մենք ոչ մի բարոյական իրավունք չունենք: Այդ մարդը կարող էր լինել ռուս, թաթար, ուդմուրտ, կարող էր լիներ Ռուսաստանում բնակվող հայ: Ես խնդրում եմ շեշտը չդնել էթնիկ ծագման վրա: Մենք պետք է հասկանանք, որ այսօրվա դրությամբ էթնիկ թշնամությունը հասարակական գիտակցության մանիպուլացման եւ  ժողովուրդների ատելության գլխավոր գործիքն է», - ասել է Սեդա Վերմիշեւան: Նա ընդգծել է, որ տվյալ դեպքը պետք է դիտարկվի՝ որպես կոնկրետ պետությանը, տվյալ դեպքում Ռուսաստանին պականող որոշակի անձի կողմից իրագործված քրեական հանցագործություն: «Եւ համաձայն Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ստորագրված համաձայնության, այս քրեական հանցագործությունը պետք է համատեղ քննվի, քանի որ այն իրագործվել է, մի կողմից, Հայաստանի տարածքում, մյուս կողմից կողմից՝ Ռուսաստանի քաղաքացու կողմից: Բացի այդ, պետք է հասկանալ, որ այդ հանցագործությունը իրագործվել է, իհարկե, անմեղսագիտակ վիճակում», - նշել է Սեդա Վերմիշեւան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով):

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:

Նշենք, որ հունվարի 15-ի երեկոյան, Ազատության հրապարակից եւ հարակից տարածքից ոստիկանական բաժիններ է տարվել 38 հոգի, որոնք մի քանի ժամ անց ազատ էին արձակվել։