Կիրակի՝ հունվարի 18-ին, Մոսկվայում կկայանա հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հիշատակին։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուկանյանը։

Հոգեհանգստյան կարգը կկայանա ժ. 13.00-ին՝ Օլիմպիյսկի պողոտայում գտնվող Տիրոջ Փոխակերպման  եկեղեցում։

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանված գտել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին։ Յոթերորդը՝ դանակի հարվածներ ստացած 6 ամսական տղան, բուժման համար տեղափոխվել էր Երեւան։ Հանցագործության համար մեղադրվողը ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն է, որին բռնել են հայ-թուրքական սահմանին։ Նրան կալանավորել եւ մեղադրանքներ են առաջադրել ՌԴ ՔՕ օրենսգրքի երկու հոդվածներով՝ սպանություն եւ դասալքություն։ Սպանության գործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում։

Հանրապետության ամբողջ տարածքում բողոքների ալիք է բարձրացել, Երեւանում, Գյումրիում եւ այլ քաղաքներում հիշատակի միջոցառումներ են անցկացվել։