Ռուսական կողմը, մասնավորապես, ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի ղեկավարությունը, փորձել է լռել շարքային զինծառայող Վալերի Պերմյակովի դասալքության փաստի մասին: Նման տեսակետ է հայտնել ռազմական շրջանակների ներկայացուցիչը, որը չի ցանկացել նշել իր անունը:

Նրա խոսքով՝ նման փորձի մասին է վկայում այն հանգամանքը, որ դատելով այդ թվում պաշտոնական տեղեկատվությունից, հայկական կողմը ահազանգն տացել է հունվարի 12-ին կեսօրից հետո: Սակայն այդ պահին ռուսական կողմին պետք է հայտնի լիներ զինվորի դասալքության մասին արդեն մի քանի ժամ առաջ, հատկապես, որ զինվորը լքել էր պոստը:

«Տվյալ դեպքում գործ ունենք հանցագործությունը կոծկելու հետ: Ռուսական կողմը կարղ էր եւ պարտավոր էր մտածել զինված զինվորի կողմից քաղաքի փողոցներով անթույլատրելի «զբոսանքի» հնարավոր հետեւանքների մասին եւ համապատասխան տեղեկատվությունը փոխանցել հայ գործընկերներին: Դատելով տեղեկատվության պաշտոնական աղբյուրներից, դա չի արվել»,-ասել է զրուցակիցը՝ հիշեցնելով, որ Ոստիկանության հաղորդագրության համաձայն, ժամը 12.30-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության բաժին ահազանգ  ստացվել, որ Մյասնիկյան-188 հասցեի տանը հրազենային վնասվածքով մարդկանց մարմիններ կան: Այսինքն տեղեկատվությունն ստացվել է ոչ ռուսական կողմից:

Հարցին՝ ի՞նչ նպատակ է հետապնդել տեղի ունեցածի թաքցնելու փորձը, զրուցակիցը պատասխանել է, որ հնարավոր է, ռուսական կողմը փորձել է ինքնուրույն կարգավորել հարցը՝ առանց աղմուկ բարձրացնելու:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով):

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:

Նշենք, որ հունվարի 15-ի երեկոյան, Ազատության հրապարակից եւ հարակից տարածքից ոստիկանական բաժիններ է տարվել 38 հոգի, որոնք մի քանի ժամ անց ազատ էին արձակվել։