Ռուսաստանի առողջապահության նախարարությունը Հայաստան առաջատար մասնագետներ է ուղարկել՝ օգնություն ցուցաբերելու 6 ամսական երեխային, որը ծանր վիրավորվել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի արդյունքում, երբ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամ սպանվեց: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Օլեգ Սալագայը:
Հայաստան մասնագետներ ուղարկելու որոշումը կայացվել է երկու երկրների առողջապահության նախարարներ Արմեն Մուրադյանի եւ Վերոնիկա Սկվորցովայի հեռախոսազրույցի արդյունքում:
«Նախարարները քննարկել են Սերյոժա Ավետիսյանի վիճակն ու նրան հետագա բուժօգնություն ցուցաբերելու տակտիկան: Քննարկման արդյունքում ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան հանձնարարել է մասնագետներ ուղարկել Երեւան՝ Սերյոժայի բուժման ընթացքում հայ գործընկերներին օգնելու նպատակով»,- Սալագայի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:
Ըստ նրա, հունվարի 17-ի ուշ երեկոյան Հայաստան կժամանեն պրոֆեսոր Վալերի Ամչիսլավսկին (անհետաձգելի մանկական վիրաբուժության եւ տրավմատոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար), Վալենտին Պալմը (Ռուսական մանկական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար) եւ Ելենա Իլյինան (Ռուսական մանկական կլինիկական հիվանդանոցի մանուկների նյարդաբանության բաժանմունքի ղեկավար):
Ավելի վաղ հաղորդվել էր, ու հունվարի 12-ի վաղ առավոտյան սեփական տանը գնդակահարել են Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների: Սպանվածների թվում է նաեւ 2 տարեկան փոքրիկ: Իսկ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը ծանր վիճակում հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է: Հանցագործության մեջ մեղադրվում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը:
Նախօրեին՝ հունվարի 16-ին, փոքրիկին վիրահատել են տեղական բժիշկներն ու Երեւան ժամանած Սանկտ Պետերբուրգի նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը: Մասնագետների հավաստմամբ, վիրահատությունը հաջող է անցել, սակայն վտանգը, որ երեխան անդամալույծ կմնա, դեռեւս առկա է:
Դրանից առաջ Հայաստանի եւ արտերկրի առաջատար մասնագետների մասնակցությամբ կոմսիլիում է կայացել: Հեռախոսային կապ է հաստատվել Քլիվլենդի, Իսրայելի, Ֆրայբուրգի, Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի կլինիկաների բժիշկների հետ:



























