Ռուսաստանի Հայերի միությունն (ՌՀՄ) «անթույլատրելի է համարում Գյումրիում սադրիչ գործողություններն ու հայտարարությունները՝ ուղղված հակառուսական տրամադրությունների հրահրմանը»: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՌՀՄ հրապարակած հայտարարությունից: Միությունը, միաժամանակ, Հայաստանի ղեկավարությանն առաջարկում է հունվարի 21-ին՝ Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից հետո յոթերորդ օրը, համազգային սուգ հայտարարել:

«Ռուսաստանի Հայերի միությունը խորապես ցնցված է Գյումրի քաղաքի բնակիչ Ավետիսյանների խաղաղ ընտանիքի դաժան սպանության առիթով, որն իրագործեց Ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայողը, ինչպես նաեւ դրան հետեւած իրադարձությունների պատճառով:

Մենք խորը ցավակցություն ենք հայտնում սպանվածների հարազատներին ու մտերիմներին եւ կիսում ենք գյումրեցիների ցավը, որոնք իրենց համաքաղաքացիների սպանությունը որպես անձնական ողբերգություն են ընկալում:

Մենք երախտապարտ ենք բոլոր այն ռուսաստանցիներին՝ ինչպես պետական եւ հասարակական-քաղաքական կառույցների ներկայացուցիչներին, այնպես էլ շարքային քաղաքացիներին, որոնք մեր ազդի համար այս դժվարին օրերին ցավակցություն եւ համերաշխություն հայտնեցին մեզ:

Վստահ ենք, որ այս ծանր հանցագործության օբյեկտիվ եւ համակողմանի հետաքննություն կանցկացվի եւ այդ ողբերգության բոլոր մեղավորներն ամենախիստ պատժի կարժանանան:

Միաժամանակ, մենք չափազանց մտահոգված ենք, որ օգտվելով այս սարսափելի ողբերգությունից եւ տխուր իրավիճակից՝ որոշ ուժեր, օգտագործելով իրադրությունն ու խաղալով Գյումրիի վշտաբեկ քաղաքացիների անկեղծ զգացմունքների հետ, իրավապահների հետ բախումներ սադրեցին, որի արդյունքում տուժածներ կան:

Ստեղծված իրավիճակում անթույլատրելի ենք համարում Գյումրիում սադրիչ գործողություններն ու հայտարարությունները՝ ուղղված հակառուսական տրամադրությունների հրահրմանը, որտեղ բոլոր ժամանակներում ռուս զինվորի ներկայությունը ողջունվել է բնակչության կողմից:

Մենք հավատում ենք, որ գյումրեցիները, որոնց ոգու ուժն ու իմաստնությունը բազմիցս իրենց օգնել են հաղթահարել ամենադժվարին խոչընդոտները, ամբողջ ազգի օգնությամբ այս անգամ էլ իրենց մեջ ուժ կգտնեն՝ ըմբռնողականություն ցուցաբերելու եւ պատվով հաղթահարելու մեզ բորոլիս բաժին հասած վիշտը:

Ռուսաստանի Հայերի միությունը դիմում է Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը՝ առաջարկելով հունվարի 21-ին՝ Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից հետո յոթերորդ օրը, համազգային սուգ հայտարարել:

Կարծում ենք, որ այս իրավիճակում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի ղեկավարությունը չպետք է սահմանափակվի հայտարարություններով եւ արդար դատավճիռ հրապարակելուն աջակցելու մասին հավաստիացումներով, այլ հարկ է ավելի վճռական իրական քայլեր ձեռնարկել՝ ուղղված հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը»,- ասված է հայտարարությունում: