Հունվարի 17-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երեւանի Ամիրյան եւ Կողբացի փողոցների խաչմերուկում՝ Չարենցի անվան դպրոցի մոտ ծեծի են ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին: Նա Facebook սոցիալական ցանցում հայտնի է «Նավակ Ճոճողը» անունով:
Նրա վրա հարձակվել են 4 դիմակավորված անձինք եւ փորձել են նստեցնել մեքենան: Վիլենը չի ենթարկվել նրանց, որից հետո նրանք բեյսբոլի մահակներով ծեծի են ենթարկել ակտիվիստին:
Այս պահին Վիլեն Գաբրիելյանը գտնվում է թիվ մեկ համալսարանական հիվանդանոցում:
Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ նախնական հետազոտության արդյունքների համաձայն, Վիլեն Գաբրիելյանը գլխուղեղի ցնցում է ստացել: Այլ մանրամասներ հայտնի կդառնան ամբողջական հետազոտությունների անցկացումից հետո:
Նախնական ստուգման արդյունքում պարզվել է, որ Վիլեն Գաբրիելյանը կոտրվածքներ եւ ներքին օրգանների վնասվածքներ չունի, հարվածներից դեմքին այտուցներ եւ կապտուկներ էին առաջացել, բժիշկները նաեւ կարեր են դրել գլխին։



























