Այսօր՝ հունվարի 18-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հրավիրել է հանդիպում-խորհրդակցություն, որին ներկա էին ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնակատար Ս.Մերզլիկինը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ա. Ռուզինսկին եւ Շիրակի մարզի փոխոստիկանապետ Ա. Գրիգորյանը:
Հանդիպման օրակարգում անհրաժեշտ հարցերի քննարկումն էր՝ առաջացած լարվածությունը թուլացնելու, ավելորդ շահարկումներից եւ սադրիչ տրամադրություններից խուսափելու համար: Ռուսական կողմին առաջարկվեց ուժեղացնել ներքին կարգապահական ռեժիմը, սահմանել հսկողություն, տանել բացատրական աշխատանքներ, հարցերի եւ խնդիրների առաջացման դեպքում արագ ահազանգել համապատասխան մարմիններին, ինչպես նաեւ տեղյակ պահել Գյումրու քաղաքապետարանին:
Ի պատասխան, ռուսական կողմը նշեց, որ համակարծիք է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առաջարկությունների հետ եւ պատրաստ է ավելի ուժեղացնել վերահսկողությունը, ինչպես նաեւ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ նշված խնդիրների լուծման ուղղությամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է: Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում։




























