Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է Վիլեն Գաբրիելյանի նկատմամբ նրա ակտիվ քաղաքացիական եւ քաղաքական դիրքորոշման համար ֆիզիկական հաշվեհարդարը:
«Կատարվածը վկայում է ոչ միայն ռեժիմի հակահայկական եւ հակամարդկային բնույթի, այլեւ նրա կողմից իրավիճակի վերահսկողության կորստի առաջին
նշանների մասին:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունն առողջություն է մաղթում Վիլեն Գաբրելյանին եւ այս օրհասական պահին նրան ու ՀՀ ինքնիշխանության եւ ազգային արժանապատվության համար ոտքի կանգնելու պատրաստ բոլոր ուժերին ու անհատներին կոչ է անում մոտակա կարճ ժամանակահատվածի հաշվարկով պատրաստ լինել Հայրենիքի ազատագրման ավելի կազմակերպված եւ միասնական պայքարի»,- ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունվարի 17-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երեւանի Ամիրյան եւ Կողբացի փողոցների խաչմերուկում՝ Չարենցի անվան դպրոցի մոտ ծեծի էին ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին: Նա Facebook սոցիալական ցանցում հայտնի է «Նավակ Ճոճողը» անունով:
Նրա վրա հարձակվել են 4 դիմակավորված անձինք եւ փորձել են նստեցնել մեքենան: Վիլենը չէր ենթարկվել նրանց, որից հետո նրանք բեյսբոլի մահակներով ծեծի են ենթարկել ակտիվիստին:
Վիլեն Գաբրիելյանը տեղափոխվել էր թիվ մեկ համալսարանական հիվանդանոց, որտեղ բուժօգնություն էր ստացել։



























