Այսօր Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կիրակնօրյա Սբ. Պատարագից հետո տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ ի հիշատակ Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի:

Akhaltskha.net-ի փոխանցմամբ, հոգեհանգստյան կարգի ընթացքում Ախալցխայի հասարակությունը վառված մոմերը ձեռքերին աղոթեց Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի ոգիների հանգստյան համար, ինչպես նաեւ կենդանի մնացած փոքրիկ Սերյոժայի առողջության համար:

Նմանատիպ հոգեհանգստյան կարգեր են տեղի ունեցել նաեւ Ախալցխայի շրջանի գրեթե բոլոր եկեղեցիներում: Ախալցխայի հասարակությունը խստորեն դատապարտում է տվյալ անմարդկային ոճրագործությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: