Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը համոզված է, որ Գյումրիում հունվարի 12-ին ընտանիքի 6 անդամների դաժան սպանությունից հետո տեղի ունեցած դեպքերը Մայդանի մասին չեն խոսում:

«Ցույցերի մասնակիցները մեծ մասամբ երիտասարդներ էին, որոնք տարվա մեծ մասն անցկացնում են Ռուսաստանի Դաշնությունում: Մայդանի խնդիր չկար, բողոքն իրավաչափ էր, բոլորը գիտակցում էին, որ ոտնահարվել է Հայաստանի Սահմանադրությունը»,- այս մասին այսօր` հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով` հասարակությունը բողոքում էր նաեւ, որովհետեւ իր իշխանությունն անթույլատրելի անգործություն էր դրսեւորել, նույնիսկ սգո օր չէր հայտարարել:

 Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: