Հունվարի 10-ին իտալական հանրաճանաչ «La Stampa»  պարբերականում հրապարակվել է Իտալիայում մեծ հեղինակություն վայելող Մարկո Տոզատիի հոդվածը Հայոց ցեղասպանության 100-ամյակի վերաբերյալ:

«1915 - 1.5 մլն հայ նահատակներ» վերնագրով  հոդվածում հեղինակը գրում է. «Մեկ դար առաջ թուրքական կառավարությունը սկսեց հայերի (եւ կայսրության քրիստոնյա այլ փոքրամասնությունների) ցեղասպանությունը: Այս պատմության ողբերգական հեգնանքն այն է, որ 1 դար անց նույն տարածքներն ականատեսն են քրիստոնյաների նոր հետապնդումների՝ արմատական իսլամի անունով եւ Ծոցի երկրների ֆինանսավորմամբ, Անկարայի եւ Արեւմուտքի հանցակցությամբ: Ցեղասպանությունների դարում Հայոց ցեղասպանությունն առաջինն էր, որին զոհ գնացին հարյուր հազարավոր անձինք: Այդ ողբերգության 100-ամյակը կնշվի զանգվածային սրբադասման երբեւիցե տեղի ունեցած մեծագույն արարողությամբ»:

Հոդվածագիրը նշում է, որ Հայ առաքելական եկեղեցին այս ապրիլի 23-ին կհայտարարի 1915թ. եւ հաջորդ տարիներին սպանված 1.5 մլն զոհերի նահատակության մասին: Այնուհետեւ մեջբերում է Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով 2014թ. դեկտեմբերի կոնդակից, որտեղ նշվում է, որ  «2015 թվականի յուրաքանչյուր օր մեր ժողովրդի համար ոգեկոչման եւ խնկարկման օր է լինելու, հոգեւոր երթ դեպի Հայրենիքում եւ Սփյուռքում վեր հառնած նահատակաց հուշարձաններ` ծնրադիր խոնարհումով աղոթք բարձրացնելու անշիրիմ մնացած մեր անմեղ զոհերի հոգիների համար»:

«Արդարություն է պահանջում մեր անմեղ զոհերի արյունը, մեր ժողովրդի կրած տառապանքը, արդարություն են պահանջում մեր ավերակված սրբությունները, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքները, նաեւ մեր ժողովրդի կեղծվող եւ խեղաթյուրվող պատմությունը»,- մեջբերում է հոդվածագիրը:

Մարկո Տոզատին հոդվածն ավարտում է թուրքական, այսպես կոչված,  «Թալեաթ փաշա» կոմիտեի մասին անդրադարձով՝ նշելով. «Վերջերս Հունաստանը մերժեց «Թալեաթ փաշա» կոմիտեի մուտքը երկիր: Դա թուրք ազգայնական մի կազմակերպություն է, որը մտադիր էր բողոքել Հունաստանի խորհրդարանի կողմից անցած սեպտեմբերին ընդունված օրենքի դեմ, որը խստացնում է պատիժը ցեղասպանության եւ պատերազմական հանցագործությունների ժխտման համար: Թալեաթ փաշան համարվում է Հայոց ցեղասպանության գաղափարակիրն ու կազմակերպիչը եւ հայերի համար համազոր է, ինչպես հրեաների  համար, Հիտլերին կամ Հիմլերին: Կոմիտեն ուզում էր բողոքել օրենքի դեմ, բայց Աթենք ժամանելիս պարտադրվեց հաջորդ թռիչքով վերադառնալ Թուրքիա»: