Պուտինի երեկվա հայտարարությունը, թե Պերմյակովին կդատեն օրենքի ամբողջ խստությամբ, պարզ է դարձնում, որ նա դատվելու է Ռուսաստանում, ՌԴ օրենքով։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ հավելելով, որ այդ հայտարարությունից հետո ռուսական լրատվամիջոցների վերաբերմունքը դեպքի առնչությամբ փոխվեց։
«Շատ հասկանալի էր, որ Պուտինի այդ հայտարարությունը նշանակում է, որ նա կպատժվի Ռուսաստանում։ Պուտինի զանգից հետո հանկարծ հիշեցին, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, պետք չէ այս աստիճան ստորաքարշ մակարդակով վերաբերվել, եւ անհրաժեշտ է լրատվական եւ վիրտուալ դաշտը փոխել»,- ասաց ազգագրագետը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:



























