Գյումրու ժողովուրդը իր առողջ ռեակցիայով փրկեց իշխանությունների դեմքը։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նկարչուհի Զարուհի Մուրադյանը՝ նշելով որ հասարակության ընդվզումը ծագեց իշխանությունների ոչ ադեկվատ արձագանքի հետեւանքով։
«Նրանք բացարձակ անհետացել էին, կոմայի մեջ էին եւ որոշ իշխանականներ նույնիսկ կարողացան ամսի 15-ին քեֆ-ուրախություն կազմակերպել։ Այն մի քանի խմբերը, որոնք դուրս եկան ՌԴ դեսպանության եւ նախագահականի մոտ եւ հատկապես Գյումրու ժողովուրդը իր առողջ ռեակցիայով փրկեցին մեր իշխանությունների դեմքը»,- ասաց Զարուհի Մուրադյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:



























