Գյումրու սպանդից հետո հասարակությունը սկսեց ընդվզել իշխանությունների լռության պատճառով։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպան, ՀՀ պետական և հասակակական գործիչ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը։

«Մարդիկ սկսեցին զայրանալ, բողոքել իշխանությունների լռությունից, որի նպատակն էր հակառուսական տրամադրություններ չբորբոքելը, չզայրացնելը Ռուսաստանին, եւ ջայլամի քաղաքականությամբ հնարավորինս քիչ ինֆորմացիա տալը, ուշադրություն շեղելը, սգո օր չհայտարարելը, այս ամենը իր հակառակ էֆեկտը ունեցավ եւ մարդիկ սկսեցի բորբոքվել»,- նշեց հասարակական գործիչը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: